Երուսաղեմում Մակրոնն անվտանգության հրեա աշխատակցին արգելել է ֆրանսիական եկեղեցի մտնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

«The Guardian»-ը գրում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երուսաղեմում գտնվելու ժամանակ կշտամբել է անվտանգության ծառայության հրեա աշխատակցին, որը փորձել է Ֆրանսիային պատկանող եկեղեցի մտնել։

Ըստ պարբերական՝ Հոլոքոստի թեմայով միջոցառմանը մասնակցելուց առաջ, Մակրոնը զբոսնել է Երուսաղեմով և կանգ է առել՝ ցանկանալով այցելել Սուրբ Աննայի եկեղեցի, որը 1856 թ. Նապոլեոն Բոնապարտին է նվիրել օսմանյան սուլթան Աբդուլ Մեջիդը: Երուսաղեմի հին հատվածում գտնվող եկեղեցին համարվում է ֆրանսիական տարածք, ինչը ենթադրում է, որ Իսրայելի իշխանությունների ներկայացուցիչներն այնտեղ մուտք գործելու իրավունք չունեն:

«Խնդրում եմ հարգել կանոնները, որոնք դարեր ի վեր գոյություն ունեն և իմ օրոք չեն փոխվելու»,-ասել է Մակրոնը՝ դուրս հրավիրելով հրեային եկեղեցուց, ապա ներողություն խնդրել միջադեպի համար ու ի նշան հաշտության՝ սեղմել ծառայողի ձեռքը:

Իսրայելի ոստիկանության ու ներքին հետախուզական ծառայության ղեկավար Շին Բեթը, մեկնաբանելով միջադեպը, մանրամասնել է, որ ըստ նախապես ձեռքբերված պայմանավորվածության՝ իսրայելական անվտանգության ծառայությունը պետք է Մակրոնին ուղեկցեր նաև եկեղեցու ներսում:

Աղբյուրը հիշեցնում է, որ նմանատիպ մի դեպք էր տեղի ունեցել նաև 1996 թվականին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ: Հրեա ծառայողները փորձել են նախագահի հետ եկեղեցի մտնել, ինչին ի պատասխան՝ Շիրակն ասել էր, որ հրաժարվում է հրեաների հետ տաճար մտնել:

Տեսանյութեր

Live

Լրահոս