Անակնկալները շարունակվելու են նաև 2020-ին․ փոխնախարարը՝ ՀՀ սպառազինությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

1

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը Հայոց բանակի կազմավորման 28-ամյակի առթիվ շնորհավորել է բոլոր զինծառայողներին և իրենց կյանքը տված զինծառայողների հարազատներին:

«Շնորհավորանքս ցանկանում եմ հղել մեր այն զինծառայողների հարազատներին, ովքեր իրենք կյանքն են տվել բանակի հզորացման, հայրենիքի անկախության, զարգացման և սահմանների անքակտելիության համար: Կարծում եմ, որ այս տոնի առաջին հասցեատերերը հենց նրանք են»,- նշել է Բալայանը՝ լրագրողների հետ զրույցում՝ հավելեով, որ ՊՆ-ն արդեն իսկ մի շարք միջոցառումներ է ձեռնարկել՝ զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման համար:

Փոխնախարարի խոսքով՝ 2019 թվականին Երևանում այդ զինծառայողների ընտանիքների բնակարանային կարիքները մոտ 95 տոկոսով բավարարվել է, իսկ այժմ ծրագիրն իրականացնվում է նաև մարզերում:

«Մենք շատ ենք կարևորում նաև այն զինծառայողների վաստակը, ովքեր ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան իրենց կյանքն են վտանգում հայրենիքի պաշտպանության համար: Պաշտպանության նախարարությունն անում է ամեն ինչ, որպեսզի Զինված ուժերում մեր զինծառայողներին վերաբերող բոլոր իրավական կարգավորումները գործեն ճիշտ և հստակ: Շատ հաճախ լուսանցքից դուրս է մնում այն ձևաչափը, թե քանի դեպք է կանխվում մեր սպաների և զինծառայողների ժամացույցի պես աշխատանքի շնորհիվ»,-մատնանշել է փոխնախարարը:

Նախարարը 2019 թվականն «աննախադեպ» որակեց սպառազինությունների ձեռք բերման առումով  և հավաստիացրեց, որ անակնկալները շարունակվելու են նաև 2020 թվականին, սակայն դեռևս չեն կարող բացահայտել, թե ինչ զինամթերք պետք է ստանա Հայաստանը:

«Անցյալ և այս տարվա բյուջետային պլանավորման մեջ բավական գումարներ են հատկացված հենց այդ կարիքները բավարարելու համար: Մենք շեշտը դրել ենք ոչ միայն սպառազինության, այլև համաժամանակյա վարձատրության բարձրացման վրա: Հույս ունեմ, որ բոլոր այդ դրական տենդենցների զարգացումը կկարողանանք ապահովել նաև 2020 թվականին»,- եզրափակեց փոխնախարարը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս