Վեթինգը վերակենդանանում է. կկարողանա՞ն առողջացնել դատական համակարգը. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

.

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 25-ին Ազգային ժողովում կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ Դատական օրենսգրքի և կից օրենքների փոփոխությունների փաթեթի շուրջ: Երեկ այս մասին տեղեկացրել է ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը և ընդգծել՝ քննարկումը լինելու է վեթթինգի մասին օրենքի շուրջ:

Այս հայտարարությունն ուշագրավ է այնքանով, որ իշխանությունները, կարծես թե, հրաժարվել էին բուն վեթթինգի գաղափարից, սակայն հիմա իմքայլական պատգամավորը կրկին նման որակում է տալիս: Ինչպես հայտնի է, դեռևս 2019 թվականի մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել դատական համակարգի վերաբերյալ հայտարարությամբ` ասելով, թե Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթթինգի։ «Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին», – նշել էր վարչապետը:

Եվ վարչապետի հայտարարությունից անմիջապես հետո՝ մայիսի 21-ին, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վեթթինգի մասին օրենքի նախագիծ մշակելու որոշում էր կայացրել: Սակայն խմբակցությունն այդպես էլ ամբողջական տեսքի չբերեց այն, քանի որ ընթացքում իշխանությունը միտքը փոխեց և որոշեց, որ դատավորների հետ կապված խնդիրները կարելի է լուծել Սահմանադրական բարեփոխումների միջոցով, ինչը կառողջացներ նաև դատական համակարգը:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս իշխանության ներկայացուցիչները հաճախ են այս թեմայի շուրջ քննարկումներ ունենում և, ի վերջո, կրկին հանգել են վեթթինգի գաղափարին: Թե ինչ կտան այս քննարկումները և ինչպես կկարողանան առողջացնել դատական համակարգը, ցույց կտա ժամանակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Live

Լրահոս