Աշոցքում թավշյա հեղափոխությունն իրականություն է․ Ջոնաթան Լաքոթ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

լաքոթ

Ուրախ էի բացահայտել Հայաստանի հեռավոր հյուսիս-արևմուտքում, Վրաստանի և Թուրքիայի հետ սահմանների հանգույցում գտնվող Աշոցքը, որն անվանում են «փոքր հայկական Սիբիր»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը։ 

«Ես ցանկացա հարգանքի տուրք մատուցել Գյումրիում բնակվող ֆրանսիացի հոգեթերապևտ Կատրին Լըսեմպլի աշխատանքին, ով կամավոր աջակցում է այս շրջանի մեկուսացված գյուղերի անապահով ընտանիքներին:

«Աշոցքում գտնվում է Հայաստանում իմ այցելած ամենալավ պահպանվող դպրոցներից մեկը, որը Ֆրանսիայի հայկական հիմնադրամի շատ գեղեցիկ նվաճումն է և բացվել է 2014 թվականին:
Ափսոս, որ այս նվիրատվությունը չի ուղեկցվել ֆրանսերենի դասավանդման ներդրմամբ, ինչը մենք պատրաստվում ենք անել։

Աշոցքը օգտվում է նաև Կամիլյանների միաբանության կողմից կառուցված հիվանդանոցից, որն անվճար խնամք է տրամադրում տեղի բնակչությանը: Հիմնադրման օրվանից հաստատությունը ղեկավարում է Հայր Մարիոն։ Հաստատությունում աշխատելու ընթացքում Քույր Նոելը (1938-2019) 2017֊ին պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով: Այս հիվանդանոցը գոյատևում է իտալացի, արգենտինացի և ֆրանսիացի բարեգործների առատաձեռնության շնորհիվ:

Ի տարբերություն ուրիշ տեղերի, այստեղ դպրոցականների թիվը մեծանում է, չնայած, որ 1991 թվականից շրջանը կորցրել է իր բնակչության 40% -ը (չհաշված «սեզոնային» աշխատողներին, որոնք տարվա մեծ մասն անցկացնում են Ռուսաստանում, ինչը կարծես նորմ է աշխատանքային տարիքի տղամարդկանց համար):

Շրջանի զբոսաշրջության ներուժը. շրջանը գտնվում է Գյումրիից հյուսիս, որի օդանավակայանը զարգանում է և շուտով նոր ճանապարհով կապվելու է Երևանին: Արփի լիճն առաջարկում է անգնահատելի բնական արգելոց, որը պատշաճ զարգացման կարիք ունի: Այսօր, նույնիսկ ձնառատ եղանակին, այս շրջանը Երևանից ընդամենը երկուսուկես ժամվա հեռավորության վրա է:

«Թավշյա հեղափոխությունը» այստեղ իրականություն է, և բնակչությունը գոհ է, որ կոռուպցիան `այն անթիվ փոքր ծրարները, որոնք պետք էր փոխանցել սեղանի տակով, ներառյալ` նպաստ ստանալու համար, դարձել են ամոթալի:

Տարածաշրջանի բնակչությունը այսօր վերագտել է որոշակի հավատ և հույս ունի, որ զբոսաշրջությունն ու գյուղատնտեսությունը նրանց թույլ կտան մնալ երկրում և արժանապատիվ կերպով ապրել այստեղ։

Շնորհակալ եմ Կատրին Լըսեմպլին, Հայր Մարիոյին և նրա թիմին, Աշոցքի քաղաքապետին, Մեծ Սեպասարի համայնքապետին, դպրոցի տնօրենին և ուսուցիչներին, Արփի լճի բնական պարկի տնօրենին, ինչպես նաև այն ընտանիքներին, որոնք մեզ հյուրընկալեցին իրենց տներում։ Շնորհակալություն նրանց ընդունելության և մեզ տրամադրած ժամանակի համար»,- ասված է գրառման մեջ: