Պատգամավորը հակադարձում է Ծառուկյանին՝ «բուժվող երիտասարդը նույնպես բարի մարդ է»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Ես չեմ մտել որևէ դեղատուն, չեմ փորձել դիմակ ձեռք բերել, բայց կարծում եմ, որ իրավիճակը մի փոքր ուռճացված է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Անդրադառնալով Ծառուկյանի այն հայտարարությանը, թե բարի մարդկանց այդ հիվանդությունները չեն կպնում, պատգամավորն ասել է՝ իր կարծիքով երիտասարդը, որ վարակված է կոնորավիրուսով և գտնվում է բուժման փուլում, նա նույնպես բարի մարդ է:

Հարցին, թե ինչո՞ւ են կորոնավիրուսով վարակված անձի հետ շփված անձանց տարել Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոց, Հրաչյա Հակոբյանն ասել է, որ կառավարության բազայում այդ հյուրանոցն էր, այնտեղ էր հնարավոր մեկուսացնել մարդկանց․

«Սովորական, ստանդարտ հիվանդանոցներում չէր կարելի մեկուսացնել այդ մարդկանց, նպատակահարմար են գտել Ծաղկաձորը»:

Դիտարկմանը, որ մեկուսացման հետևանքով Ծաղկաձորի հյուրանոցները դատարկվել են, պտգմավորն ասել է, երկու օր առաջ բարձրաստիճան պաշտոնյաներ գնացել էին Ծաղկաձոր և բոլորովին այլ պատկեր է եղել:

Ծառուկյանի՝ «դա էլ հո տնտեսություն չի՞, որ չհասկանան» հայտարարությանն անդրադառնալով՝ Հակոբյանն ասել է․

«Մեր մասնագետները տնտեսությունից էլ են հասկանում, առողջապահությունից էլ են հասկանում: Ամեն ինչ շատ ավելի վերահսկելի է, քան փորձում են խուճապի միջոցով տարածել»: