ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Մարտի 5-ին՝ ժամը 02.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ «որովայնի շրջանի հրազենային թափանցող վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 36-ամյա տղամարդ: Այդ մասին հայտնում է ոստիկանությունը։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել էին, որ նույն օրը՝ ժամը 02.15-ի սահմանում, անհայտ անձը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել տղամարդու և նրա մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով տղամարդը ստացել է մարմնական վնասվածք:
Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի բաժնի և Լոռու մարզային վարչության ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կրակոցներ արձակողի ինքնությունը: Աղավնատուն գյուղի 34-ամյա բնակիչը, ՀՀ սահմանը հատելու փորձ կատարելիս, Տաշիրի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Բերման ենթարկվածը ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն։