Լրատվամիջոցներ-պարետատուն. «Մեդիա պաշտպանի» մոնիտորինգը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News   

․

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 27-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում  լրատվամիջոցների հետ  պարետատան աշխատանքը:

Նախաձեռնությունը նշում է, որ ըստ politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիի՝ այն բանից հետո, երբ իրենք հրապարակել են տեղեկատվություն, որտեղ նշվում է, որ Գյումրիում մահացել է 70-ամյա տղամարդ, որի մոտ կորոնավիրուս է կասկածվում, ինքը զանգ է ստացել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից. «Ինձ հետ կապվում է Մանե Գևորգյանը և խոսում շատ բարկացած տոնով: Ես Մանե Գևորգյանին առաջարկում եմ փոխել տոնն ինձ հետ խոսելիս և ասում եմ՝ մենք պատրաստ ենք օրենքով սահմանված պահանջներն իրականացնենք։ Մանե Գևորգյանն ինձ ասում է՝ ինքը կարող է ինձ 500 հազարով տուգանել։ Ես իրեն բացատրում եմ, որ ինքն ինձ տուգանելու լիազորություն չունի։ Մանե Գևորգյանը հրաժարվում է նաև ուղարկել պարետատան պաշտոնական հերքումը՝ ասելով՝ դե որ էդպես է, եթե օրենքով ենք շարժվում, ուրեմն ձեզ մոտ կգան ոստիկաններ և կապահանջեն, որ նյութը հեռացնեք»։

«Մեդիա պաշտպանը» նաեւ արձանագրել է, որ մի քանի կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում ասված է. «Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, գոհունակությամբ ենք ընդունել այն, որ ՀՀ կառավարությունը մարտի 25-ին վերանայեց մարտի 16-ի իր որոշումը և վերացրեց նոր կորոնավիրուսի հետ կապված խնդիրների լուսաբանման անհամաչափ սահմանափակումները։ Այդուհանդերձ, արձանագրում ենք, որ վերանայված դրույթներում հստակ նշված չէ այն լիազոր մարմինը, որն իրավասու է Պարետատան անունից լրատվամիջոցներին պաշտոնական տեղեկություն կամ մեկնաբանություն տրամադրել: Դա արտակարգ դրության մասին որոշման համապատասխան կարգավորումների արդյունավետ կիրառման խնդիրներ է առաջացնում»:

Տեսանյութեր

Live

Լրահոս