Հանրապետությունում մեկ օրում գրանցվել է 8 ՃՏՊ․ տուժել է 15 մարդ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News       

ավտովթար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 29 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 6, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու թմրամիջոցի մաքսանենգության՝ 3-ական, կողոպուտի, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պետական սահմանն ապօրինի հատելու, սպանության սպառնալիքի և ծեծի 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: