Մենք վերապրեցինք և ապացուցեցինք, որ խավարին հաջորդում է լույսը, գոյապայքարին՝ վերածնունդը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News 

հասարակական

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: 

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մեր պատմական իրականության մեջ կարևոր օրերից մեկն է՝ գլուխ խոնարհելու, խնկարկելու, աղոթելու, մտորելու…105 տարի անց մարդկության պատմության մեջ կարմիրով ներկած սև գործը՝ հակամարդկային ոճրագործությունը, չի մոռացվել: Օրերը թերթվում են կազմելով մեր անցած ճանապարհը, մեր պատմությունը:

Յուրաքանչյուր հայի համար պատմությունը միայն տարեթվերից չպիտի արտահայտվի, այլ դեպքերով, իրողություններով, դրանցից ստացած դասերով, որոնք մենք պարտավոր ենք փոխանցել սերունդներին: Գլուխ խոնարհելով միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակի առջև՝ վստահ ենք, որ միայն Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմամբ և դատապարտմամբ քաղաքակիրթ աշխարհը կհասնի նմանօրինակ ոճիրների ու բռնությունների իսպառ վերացմանը, քազնի միայն ճանաչումն ու դատապարտումը կարող են կանխել նման հանցագործությունների կրկնությունը, իսկ ժխտումը դրանց անուղղակի շարունակությունն է:

105 տարի առաջ ցանկացան ոչնչացնել մեզ, մեր տեսակը և մեր խիղճը, բայց մենք վերապրեցինք և ապացուցեցինք, որ խավարին հաջորդում է լույսը, գոյապայքարին՝ վերածնունդը»: