Կլինեմ յուրաքանչյուր արցախցու նախագահը. Արայիկ Հարությունյանի շնորհակալական ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

արայիկ

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ շնորհակալություն հայտնելով իրեն ուղղված շնորհավորանքների համար:

«Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններում ժողովրդի վստահության բարձր քվեին արժանանալու առթիվ ստացել եմ բազմաթիվ շնորհավորական ուղերձներ, նամակներ, հեռախոսազանգեր:

Խոստովանեմ, որ յուրաքանչյուրիդ բարեմաղթանքները յուրովի ջերմություն են փոխանցել ինձ, որոնք նաև պարտավորեցնող են:

Ուզում եմ հավաստիացնել, որ կլինեմ յուրաքանչյուր արցախցու նախագահը և կանեմ առավելագույնը բոլոր ընտրողների ու ողջ հայության հույսերն արդարացնելու համար: Անկասկած, դրան ի զորու ենք լինելու հասնել հավաքական ջանքերով ու պատասխանատվությամբ՝ յուրաքանչյուրն իր կարողությունների չափով: Այնպես որ ձեզնից յուրաքանչյուրից՝ որպես հավաքական ներուժի անբաժանելի մասնիկների, ես ինքս էլ ակնկալիքներ ունեմ՝ պատմության երթում արձանագրելու այնպիսի հավաքական հաջողություններ, որոնց մասին չենք էլ երազել:

Միաժամանակ հայցում եմ բոլոր այն մարդկանց ներողամտությունը, որոնց նամակներին կամ հեռախոսազանգերին ժամանակի սղության պատճառով ի վիճակի չեղա պատասխանելու: Երախտագիտության ու պարտավորվածության խոսքս ուղղում եմ ամեն մեկիդ:

Առո՛ղջ եղեք»,- ասվում է ուղերձում: