Բռունցքներ գործադրելը քաղաքական պաշարի բացակայության մասին է խոսում. Ժաննա Ալեքսանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News 

քաղաքական

«Խիստ դատապարտելի է խորհրդարանում տեղի ունեցածը, իսկ բռունցքների գործադրումը նշանակում է, որ պատգամավորները չունեն այն հնարավորություններն ու քաղաքական պաշարը, որով պետք է բանավիճեն ու խոսեն իրար հետ»,- 24News-ի հետ զրույցում անդրադառնալով մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսյանյանը, որը կարծում է՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նկատմամբ տևական ժամանակ կուտակված լարվածություն կար, ինչն էլ երեկ դուրս հորդեց Ազգային Ժողովում:

Ըստ Ալեքսանյանի՝ տեղի ունեցածը բավական խիստ պետք է դատապարտել, ընդհուպ մինչև՝ մանդատ վայր դնելը: Վստահ է՝ պառլամենտում վարչապետի, փոխվարչապետի ու կառավարական կաբինետի ներկայությամբ օրենսդիրը նման վարք չպետք է դրսևորի: Քաղաքական մեծամասնությունն, ընդգծում է նա, պետք է հանդուրժող լինի իր ընդդիմախոսների նկատմամբ, պետք է կարողանա բանավիճելով, այլ ոչ թե բռնությամբ խոսել:

«Հանրությունը հեղափոխական ուժին չպետք է տեսնի որպես բռնության կրողի: Եթե ընդունենք անգամ, որ «Լուսավոր Հայաստանը» շղթայական սադրանքի վարք է դրսևորել, ապա պետք է հանդուրժող լինել նաև սադրանքների նկատմամբ: Իսկ մեջքից խփելու մասն ուղղակի վերջն է»,- նշում է մեր զրուցակիցը:

Իրավապաշտպանը կարծում է նաև, որ բռունքներով «խոսող» պատգամավորների մանդատը վայր դնելու հարցում Էդմոն Մարուքյանը պետք է հետևողական լինի: 

Ինչ վերաբերում է միջադեպից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույքին, ապա Ալեքսանյանը նկատել է՝ նրա խոսքը հակասական էր: Չի կարող բացատրել թե ինչու, բայց ֆիքսել է՝ անգամ միջադեպի դատապարտումն էր հակասական, հասկանալի չէր, թե Փաշինյանն ում կամ ինչն է դատապարտում: 

Անդրադառնոլվ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ելույթին՝ Ալեքսանյանն ավելացնում է՝ թեև գնահատականի արժանի է այն հանգամանքը, որ Մակունցը ներողություն խնդրեց ժողովրդից, բայց աբսուրդ է, որ նա չդատապարտեց տեղի նունեցածը: «Մակունցն ասում է, թե Մարուքյանը դրսի օրակարգ է ԱԺ-ում ներկայացնում, բայց եթե այդպես է, ապա ուղիղ պետք է ասեն՝ ինչ է տեղի ունենում: Եթե ասում ես՝ թուլափայ է վերցնում, ապա ասեք տեսնենք՝ ինչ թուլափայ է: Եթե չեք ասում՝ այն, ինչ որ գիտեք, ու ակնարկներ եք անում շարունակ, ապա ուզում եք, որ ժողովրդի մոտ կասկած առաջանա Մարուքյանի նկատմամբ: Սա դուրս է քաղաքական պայքարի շրջանակից, դա ազնիվ չէ: Եթե դուք փաստեր չունեք, իրավունք չունեք ասելու, թե Մարուքյանը դրսի օրակարգ է սպասարկում: Շատ լավ կլիներ, որ այս միջադեպն իրավական հետևանք ունենար: Ես կարծում եմ, որ արդեն անցել է կռվող տղաների ժամանակը»:

«Իսկ գուցե չի՞ անցել, -դիտարկեցինք: «Գուցե չի անցել, չգիտեմ»,- պատասխանում է իրավապաշտպանն ու կրկին ընդգծում ՝ պահվածքն աթույլատրելի է, անըդնունելի: 
«Եթե այդ կռվող տղայի պահվածքն այդպիսին է լինելու նաև հետագայում, ապա ի՞նչ իմաստ ունի, որ նման պատգամավորը լինի խորհրդարանում: Պետք է բացատրել պարոնին, որ դա չի ձևը: Իսկ եթե իր համար դա է ձևը, թող մանդատը վայր դնի, գնա տուն: Նա պետք է հարգի մարդկանց, ովքեր նայում ու հետևում են իրեն: Հանրության առջև պետք է կարողանան պատշաճ ներկայանալ, եթե չեն կարողանում, չպետք է լինեն խորհրդարանում: Միջադեպի մասին պետք է բացատրություններ տրվեն, չեն կարող անել այն, ինչ ուզում են: Այսպիսի միջադեպերով նրանց հեղինակությունն է անկում ապրում»,- ամփոփում է Ալեքսանյանը:

Վրույր Սևակ