Սուրեն Պապիկյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհի հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

․

Հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունի հետ: Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3  ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների դադարեցման պատճառով ի հայտ եկող բարդություններին և դրանց ազդեցությանը ՀՀ կառավարության՝ կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացման քաղաքականության վրա:

Կարևորվել է ծրագրի բնականոն իրականացումը և այդ նպատակով սահմանված ժամկետների պահպանումն ու փոխադարձ պահանջների կարգավորումը:
«Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինաշխատանքների վերսկսումը և էական առաջընթացը կխթանի կայուն վստահության մթնոլորտի և փոխըմբռնման ամրապնդմանը»,-ընդգծել է նախարար Պապիկյանը։

Հեռախոսազրույցի ընթացքում նախարար Պապիկյանը և դեսպան Էրլունը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հայ-չինական համագործակցության հետագա ամրապնդման և համատեղ ծրագրերում նոր տիպի կորոնավիրոսով պայմանավորված խոչընդոտների հաղթահարման շուրջ: