«Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ն նիստ է անում. գաղտնի քվեարկությամբ կընտրվի Արցախի ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

արայիկ

Արցախի նորընտիր նախագահ, «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ «Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ն նիստ է անում, որի ընթացքում կորոշվի՝ դաշինքի ցուցակով պատգամավորության մանդատ ստացածներից ովքեր են առաջադրվելու Ազգային ժողովի նախագահի պաշտոնի և մշտական հանձնաժողովների ղեկավար կազմերի համար:

«Հարգելի՛ հայրենակիցներ, նորընտիր խորհրդարանի ձևավորման կարևոր գործընթացից առաջ՝ այսօր՝ ընդամենը կես ժամ հետո, Շուշիի մշակույթի պալատում իմ գլխավորած դաշինքի անդամ կուսակցությունների պատասխանատուների մասնակցությամբ արտահերթ ընդլայնված նիստ ենք հրավիրել: Ավելի քան երկու հարյուր հիսուն պատվիրակներով բաց ու թափանցիկ պայմաններում քննարկում կիրականացնենք, ապա փակ գաղտնի քվեարկությամբ կորոշենք, թե «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորության մանդատ ստացածներից ովքեր են առաջադրվելու Ազգային ժողովի նախագահի պաշտոնի և մշտական հանձնաժողովների ղեկավար կազմերի համար:

Սա մեր կողմից ներդրվող բոլորովին նոր քաղաքական մշակույթ է: Կարծում եմ՝ ժողովրդավարության հասունության աստիճանն Արցախում թույլ է տալիս մեզ նման համարձակ քայլ կատարել: Որպես Արցախի Հանրապետության ընտրված նախագահ՝ ես ընդունում եմ կառավարման գործում սկզբունքային փոփոխությունների հանրային պահանջը՝ միանձնյա որոշումների, անձնական նախասիրությունների, այս կամ այն գործչի նկատմամբ ունեցած համակրանքի փոխարեն:

Արդյունքների մասին տեղյակ կպահենք նիստի ավարտից անմիջապես հետո»,-գրել է Արցախի նորընտիր նախագահը: