Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց 4 վարչապետների միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

նախագահ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հայտարարեց, որ մերժում է Հայաստանի և Արցախի 4 վարչապետների միջնորդությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու վերաբերյալ:

Ըստ այդմ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 19-ին՝ ժամը 13.00-ին:

Ավելի վաղ՝ մայիսի 8-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին ՀՀ նախկին վարչապետները՝ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը միջնորդություն ներկայացրին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ։ 

Ըստ ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանի՝ կորոնավիրուսի առումով Ռոբերտ Քոչարյանը միաժամանակ մի քանի ռիսկային խմբում է, իսկ ներկայումս, առողջական խնդիրներով պայմանավորված, բժշկական հսկողության տակ է։ Կից ներկայացվեց նաև «Իզմիրլյան» ԲԿ-ից բժշկական տեղեկանք։

Պաշտպան Արամ Վարդևանյանն իր հերթին ներկայացրեց ՔԿՀ-ներում պահվող անձանց մասին թվային վիճակագրություն, ըստ որի՝ 65 տարեկանից բարձր կա 8 մարդ, իսկ համակցված հիվանդություններով և այդ տարիքի անձանց թիվը 3 է։

Նշենք, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստացող Ռոբերտ Քոչարյանը մայիսի 12-ի առավոտյան վիրահատության է ենթարկվել։

ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման համար: