Հայտնաբերվել է ՊՆ ծառայողը, որը կասկածվում է 10 և 3 մլն դրամի ոսկյա զարդ գողանալու մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

հասարակական

Հունիսի 1-ին ոստիկանության Արթիկի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, առաձնապես խոշոր չափի գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Սպիրիդոն Մ-ին՝ իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով։

Պարզվել է, որ Արթիկի ոստիկանների ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ արդեն ոստիկանությունում Սպիրիդոն Մ-ն ենթարկվում է անձնական խուզարկության, ում մոտ հայտնաբերվում է խոշոր չափի գումար։ Փաստերի ճնշման տակ բերման ենթարկվածը խոստովանում է, որ մայիսի 31-ին՝ ժամը 21։30-ի սահմանում, Արթիկ քաղաքի Աղաքարյան փողոցի թիվ 49 տան ննջասենյակի պատուհանի ծխնին կոտրելու միջոցով ներս է մտել և պահարանից հափշտակել 10 մլն դրամ և 3 մլն դրամ արժողության ոսկյա զարդեր։

Աղբյուրի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է նաև «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով և բերված մարտական վիճակի։ Ատրճանակը հայտնաբերվել է ավտոմեքենայի սրահում, և արդեն ոստիկանությունում Սպիրիդոն Մ-ն հայտնել է, որ ատրճանակն առանց որևէ մեկի գիտության վերցրել է ՀՀ ՊՆ N զորամասր զինանոցից՝ մարտական հերթապահությունը հանձնելուց առաջ։ Ատրճանակը հաշվառված է եղել Վանաձորի բնակիչ՝ 30-ամյա Ժիրայր Ա-ի անվամբ։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հաղորդում է աղբյուրը, Սպիրիդոն Մ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատարի օգնական-հոգեբան, իսկ Ժիրայր Ա-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես խմբի հրամանատար։

Ավտոմեքենան քննիչի հանձնարարակաով տեղափոխվել է ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք։