Հարթաշենի բնակիչը կալանավորվել է՝ համագյուղացիներին ծեծելու համար

ԵՐԵՎԱՆ,    ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  15,  24News   

ՔԿ

2020թ. օգոստոսի 31-ին` ժամը 02:40-ից 03:10-ն ընկած ժամանակահատվածում, կտրած-ծակած մարմնական վնասվածքներով «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն են ընդունվել Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի 3 բնակիչ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննությամբ պարզվել է, որ Հարթաշեն բնակավայրի 21-ամյա բնակիչը 2020թ. օգոստոսի 31-ին` ժամը 00:30-ի սահմաններում, իր տան հարևանությամբ բարձր հնչող երաժշտությունն անջատելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում ծեծել է հարևանին: Այնուհետև՝ 21-ամյա երիտասարդը «Սովխոզ» կոչվող տարածքի հարևանությամբ շարունակելով պարզաբանումները, մի խումբ համագյուղացիների հետ քաշքշուկի և փոխադարձ կռվի ընթացքում, իր մոտ պահած դանակով, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, բազմաթիվ անկանոն հարվածներ հասցնելու եղանակով, նույն համայնքի 18-ամյա երիտասարդին պատճառել է որովայնի առաջնային պատի, գոտկային և պոչուկային շրջանի ծակած-կտրած վերքեր, իսկ 30-ամյա համագյուղացուն դիտավորությամբ պատճառել է կյանքի համար վգանտավոր ծանր մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և 118-րդ հոդվածով (ծեծը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է:

     

--  00—ՄՀ