Արսեն Թորոսյանն այցելել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News  

Արսեն թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկնել է Արցախի Հանրապետություն` տեղում ծանոթանալու հակառակորդի կողմից իրականացված ռազմական գործողություններից տուժածների առողջական վիճակին, տրամադրվող բժշկական օգնությանը:

Այցի ընթացքում Արսեն Թորոսյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին, առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանին:

Այնուհետև նախարարն այցելել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց, ծանոթացել հոսպիտալացվածների առողջական վիճակին, գործընկերոջ հետ քննարկել բուժօգնության կազմակերպման հարցեր: 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 27-ին զոհվել է 31, սեպտեմբերի 28-ին՝ 28 զինծառայող։ Քաղաքացիական բնակչությանը հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկու քաղաքացի․ նրանցից մեկն 9 տարեկան աղջիկ է։ Վերջին տվյալներով վիրավորների թիվը մոտ է 200-ին։

--00--ՄՀ