ՊԲ-ն չի թիրախավորելու թշնամու՝ Թալիշստանում և Լեզգիստանում տեղակայված ռազմական օբյեկտները

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4,  24News   

Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձով դիմել է Ադրբեջանի թալիշներին ու լեզգիներին․ 

«Սիրելի ՛ թալիշ և լեզգի եղբայրներ և քույրեր

Մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես` Ադրբեջանի թալիշաբնակ և լեզգիաբնակ քաղաքներում ու գյուղերում օրըստօրե աճող բողոքին, որոնցով բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու և Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմելու Ալիևի հրամանը: Բողոքի ցույցերի համար առիթ են դարձել թալիշ և լեզգի հարյուրավոր զոհերի առկայությունը: Նրանց որպես կենդանի թիրախ օգտագործելու և այդ գործելակերպով նրանցից ազատվելու ադրբեջանական քաղաքական կլանի գործելակերպը տասնամյակների ընթացքում փոփոխություն չի կրել:

Մենք կարևորում ենք Ադրբեջանի բնիկ ժողովուրդների՝ թալիշների և լեզգիների՝ մեր հիմնախնդրին խորապես տիրապետելու, ինչպես նաև համակրանք ունենալու մշտական դրսևորումները:

Ուզում եմ հավաստիացնել, որ մենք թալիշ և լեզգի ժողովուրդների արդարացի պայքարի կողքին ենք և պատրաստ ենք բոլոր հնարավոր միջոցներով նպաստել ձեր պայքարի վերջնանպատակին՝ անկախության ձեռքբերմանը:

Պաշտպանության բանակը, ի նշան մեր բարի կամքի, չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և Լեզգիստանում»։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ