Պատերազմից տուժածներին սայլակ, հենակ, վերջույթների, աչքի պրոթեզ, լսողական սարքեր են տրվում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

նկար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աջակցող միջոցների (վերին և ստորին վերջույթների պրոթեզներ, օրթեզներ, անվասայլակներ, հենակներ, քայլակներ, ձեռնափայտեր, աչքի պրոթեզներ, լսողական սարքեր և այլն) տրամադրումը դրանց կարիքն ու իրավունքն ունեցող անձանց:

Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք աջակցող միջոցներ ստանալու համար կարող են դիմել Բուժատեխնիկական հանձնաժողով (Ծարավ Աղբյուրի 55 ա, հեռախոս՝ 060 65-26-41):

Մասնագետներն անձի կարիքը կգնահատեն նրա գտնվելու վայրում (առողջապահական կազմակերպությունում, վերականգնողական կենտրոնում, տանը), ինչպես նաև տեսակապի միջոցով:

Բուժատեխնիկական հանձնաժողովի եզրակացությունը և պետական հավաստագրի տրամադրումը կազմակերպվում է 3-10 օրվա ընթացքում:

Վերին և ստորին վերջույթների պրոթեզավորումն իրականացվում է ամպուտացված ծայրատի լրիվ վերականգնումից հետո, ինչը կարևոր է շահառուի առողջության հետ կապված լրացուցիչ բարդություններից խուսափելու համար:

Աջակցող միջոցները տրամադրվում են նաև Արցախի Հանրապետության քաղաքացիներին: Նրանք նույնպես կարող են դիմել Բուժատեխնիկական հանձնաժողով՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը, իսկ լսողական սարք ստանալու դեպքում՝ նաև աուդիոգրամմա և տեղեկանք լսողական սարքի անհրաժեշտության մասին:

--00—ԼՄ