ԱՄՆ-ի կոնգրեսականները Թուրքիայի կառավարությանը դատապարտող հայտարարություն են հրապարակել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17,  24News

ԱՄՆ

ԱՄՆ-ի կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը և հանձնաժողովի ամենաբարձրաստիճան անդամ Հանրապետական Մայքլ Մըքքոլը Թուրքիայի իշխանությունների գործողությունները քննադատող հայտարարություն են հրապարակել:

Կոնգրեսականները հայտարարության մեջ իրենց խորը անհանգստությունն են հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության քայլերի վերաբերյալ, որոնք կասկածի տակ են դնում ՆԱՏՕ-ի դաշնակցությունը, լայն իմաստով տարածաշրջանն ու երկրի ներսի ժողովրդավարությունն և օրենքի գերակայությունը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ 

«Նախագահ Էրդողանի կողմից Ս-400 ՀՕՊ համակարգերի գնումը վտանգում է ՆԱՏՕ-ի հետ համատեղ աշխատանքը, սպառնում է համատեղ պաշտպանության սկզբունքը, որը նախատեսում է համատեղ աշխատանք Ռուսաստանի ստեղծած սպառնալիքի դեմ: Այս իրավիճակը նպաստում է Վլադիմիր Պուտինի կողմից դաշինքում պառակտման սերմեր ցանելուն»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ անդրադարձ կա նաև Թուրքիայի կողմից հովանավորվող սիրիական խմբավորումներին՝ դրանց մեղադրելով մարդու իրավունքների խախտման մեջ: 

«Էրդողանը, որը Լիբիա ու Լեռնային Ղարաբաղ վարձկան զինվորներ է ուղարկել, այլ միջազգային հակամարտություններ էլ է հրահրել»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ Թուրքիայի կառավարությանը դատապարտել են նաև Միջերկրական ծովում Հունաստանի տարածքային ջրերի սահմանները խախտելով, նավթագազային հորատման աշխատանքներ իրականացնելու,  «Համաս»-ին աջակցելու և ԱՄՆ-ի կողմից ահաբեկչության մեջ մեղադրվող անձանց ապաստան տալու, ինչպես նաև դատական իշխանությունը Էրդողանին ենթարկացնելու ու Թուրքիայում ԱՄՆ-ի դիվանագիտական ներակայացուցչությունների աշխատակիցների դեմ դատական հետապնդումներ իրականացնելու համար:

 --00—ՄՀ