Շուտով կորոնավիրուսի պատվաստանյութի տարբեր խմբաքանակներ կներկրվեն ՀՀ. Թորոսյան

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 19 24News

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ շուտով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի խմբաքանակներ կներկրվեն Հայաստան: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Անդրադառնալով 2020-ի դժվարություններին՝ Թորոսյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ԱՆ աշխատակազմին և նշել, որ հաճախ ամիսների ընթացքում գիշերել է աշխատավայրում:

«Դրա շնորհիվ է, որ այո, սկզբում շատ քննադատվելով, բայց, այնուամենայնիվ, ունենք կառավարելի վիճակ: Եվ եթե հիշում եք, այն տերմինը, որ մենք օգտագործում էինք՝ ապրել կորոնավիրուսի հետ, փաստացի իրականություն է դարձել: Այո, մենք ունենք տնտեսական սահմանափակումներ, վերջում էլ շատ բաներ մեղմեցինք: Պատվաստանյութի մասով էլ արդեն կան պայմանավորվածություններ և շուտով տարբեր խմբաքանակներ կներկրվեն Հայաստանի Հանրապետություն՝ փոքրից մինչև մի քանի հարյուր հազար»,- ասել է Արսեն Թորոսյանը: 

Նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին պատասխանատու պաշտոնը վստահելու համար: Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Արսեն Թորոսյանին՝ 2018-ին գերատեսչության թիմում իրեն ընդգրկելու և միասին այս ճանապարհն անցնելու համար:

«Վերջին 2.5 տարիները եղել են սկզբից ակտիվ ռեֆորմների, այնուհետև լուրջ մարտահրավերների տարիներ, որոնք և՛ մեր թիմը, և՛ ողջ առողջապահական համակարգը կարելի է ասել կոփել է, դարձրել ավելի կուռ, միասնական, նվիրված գործին: Մենք ականատես ենք եղել, թե կորոնավիրուսով պայմանավորված, և թե պատերազմի ընթացքում ինչպես էր ողջ առողջապահական համակարգը միասնական ուժերով երկու ճակատով պայքարում մեր քաղաքացիների առողջության համար: Պարոն վարչապետ վտահեցնում ենք, որ պետք է աշխատենք նույն տեմպով՝ շարունակելով ոլորտի զարգացումը, որպեսզի մեր քաղաքացիներին ավելի որակյալ, մատչելի և հասանելի առողջապահական ծառայություններ ապահովենք»,- նշել է նախարարը: 

--00--ԱԹ