ՄԱԿ-ը Թուրքիային կոչ է արել ազատ արձակել ուսանողներին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 4,  24News   

Թուրքիա

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը  (OHCHR) Թուրքիայից պահանջել է ազատ արձակել Բողազիչի համալսարանի ռեկտորի դեմ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված ուսանողներին ու ցուցարարներին: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Այս մասին OHCHR-ը գրառում է արել Twitter-ում:

Գրասենյակը դատապարտել է Թուրքիայի պաշտոնատար անձանց կողմից ուսանողների և ցուցարարների վերաբերյալ հնչեցված հայտարարությունները, դրանք որակելով՝ հոմոֆոբ և տրանսֆոբիկ մեկնաբանություններ:

«Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել խաղաղ ցույցերին մասնակցելու համար ձերբակալված ուսանողներին և ցուցարարներին, և ոստիկանությանը հորդորում ենք դադարեցնել ավելորդ ուժի գործադրումը: Մենք դատապարտում ենք պաշտոնատար անձանց կողմից հոմոֆոբ և տրանսֆոբիկ մեկնաբանությունները, որոնք ատելություն և խտրականություն են հրահրում ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ»,-նշվում է հայտարարությունում: 

Հիշեցնենք, որ ցուցարարների գլխավոր պահանջը դրսից նշանակված ռեկտորի հրաժարականն ու ընտրություններ անցկացնելն է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Բողազիչիի համալսարանի ռեկտորի նշանակման դեմ բողոքի ցույցեր իրականացնող ուսանողներին և դասախոսներին մեղադրում է ահաբեկչության մեջ։ 

Փետրվարի 2-ի երեկոյան զանգվածային ձերբակալություններից հետո ուսանողները և նրանց սատարողները շարունակում են իրենց բողոքի ակցիաները ոչ միայն Ստամբուլում, Անկարայում, այլև երկրի այլ քաղաքներում, նաև երկրից դուրս։ Սոցիալական հարթակներում նրանց սատարողների մեջ է նաև պոլսահայ մտավորականությունը։

Նշենք, որ Թուրքիայում կան հազարավոր կալանավորված և դատված ընդդիմադիր ուսանողներ: Նրանց 2019թ դրությամբ կազմում էր 36.300։ 

Բողազիչիի համալսարանը տարածաշրջանում հեղինակավոր համալսարաններից մեկն է, որտեղ կրթություն է ստանում շուրջ 16 000 ուսանող։ Ակադեմիական լեզուն Բողազիչիում անգլերենն է։ Համալսարանը հայտնի է որպես երկրի ամենաառաջադեմ կրթական հաստատություններից մեկը։ Նորանշանակ ռեկտորն ասել է, որ առաջիկայում նպատակ ունի համալսարանը ընդգրկել աշխարհի լավագույն հարյուր համալսարանների ցանկի մեջ։

 --00—ՄՀ