Նորք-Մարաշում կիսակառույց տնից 36-ամյա տղամարդը գողություն էր արել և վաճառել գողոնը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Մարտի 4-ին՝ ժամը 11.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ 60-ամյա տղամարդը եկել էր Նորք-Մարաշի 2-րդ փողոցի իր կիսակառույց բնակարան ու տեսել, որ շինությունից գողություն է արվել։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ շինություն մտել էին պատուհանով, որը բացել էին տեխնիկական միջոց օգտագործելով։ Գողացել էին գազի կաթսա, ջրատաքացման ռադիատորներ և այլ իրեր։

Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում քրեական գործ հարուցվեց։

Մարաշի քրեական հետախույզները գողությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկեցին մի շարք օպերատիվ միջոցառումներ։ Օպերատիվ հարցումների և այլ հետախուզական միջոցառումների արդյունքում դեպքից օրեր անց հայտնի դարձավ շինություն մտած անձի ինքնությունը։ Խոսքը մայրաքաղաքի Քանաքեռ թաղամասում բնակվող 36-ամյա տղամարդու մասին է։ Մարտի 6-ին նա Նոր Նորքում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք, ապա ներկայացվեց տարածքային քննչական մարմնին՝ հարցաքննության։

Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերեցին գողոնի մի մասը։ Քննությանը հայտնի տվյալներով՝ գողոնի մյուս մասը վաճառել էր։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

--00—ԼՄ