ԼՂ հայ բնակչության անվտանգությունը պետք է երաշխավորվի. ԵԽ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

պատգամավոր

Արցախի վերջնական կարգավիճակը չի կարող պարտադրվել ուժով կամ զենքով, պետք է լինի քաղաքական լուծում, որը հաշվի կառնի այնտեղ ապրող բնակչության ժողովրդավարական կամքը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Ջորդի Սոլեն ԵԽ լիագումար նիստում  Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը: Նա նախ նկատեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հեռու է կարգավորումից՝ նշելով, որ պատերազմը փառաբանվում և հայերի նկատմամբ ատելությունն արմատավորվում է Բաքվի, այսպես կոչված, «պուրակում»: «Եվ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է կատարել իր միջազգային պարտավորությունները՝ անօրինական կերպով պահելով ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, որոնց գերեվարել է: Բոլոր հայ գերիները՝ ռազմական, թե քաղաքացիական, որոնք գերեավարվել են պատերազմի ընթացքում, թե դրանից հետո, պետք է անհապաղ ու անվերապահորեն ազատ արձակվեն»,- ասաց ԵԽ պատգամավորը:

Սոլեն հավելեց. «Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգությունը պետք է երաշխավորվի, ինչպես նաև նրանց մշակութային ժառանգությունը պետք է պաշտպանվի: Արցախի վերջնական կարգավիճակը չի կարող պարտադրվել ուժով կամ զենքով, պետք է լինի քաղաքական լուծում, որը հաշվի կառնի այնտեղ ապրող բնակչության ժողովրդավարական կամքը»:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի և վարձկանների աջակցությամբ պատերազմ էր սանձազերծել Արցախի դեմ: 2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել են հայտարարություն, որով պատերազմը դադարեցվել է: Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ հավատարիմ լինելով գերիների և պահվող այլ անձանց փոխանակման «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին՝ Ադրբեջանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին և պահվող այլ անձանց: Սակայն, Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ գերիների վերադարձը: Կան փաստական ապացույցներ՝ հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների մասին, հաստատվել է գերիների սպանության 19 դեպք:

--00—ՄՀ