Աշտարակի ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել. տանտերը հայտնել է՝ անձնական օգտագործման է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

Ոստիկանության Աշտարակի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Աղձք գյուղի մի բնակիչ ապօրինի պահում, օգտագործում և իրացնում է թմրամիջոց: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Հուլիսի 17-ին Աշտարակի ոստիկաններն այցելեցին նրա տուն և խուզարկությամբ պատուհանագոգին հայտնաբերեցին պլաստիկ տարաներում աճեցրած կանեփի չորս բույս: Տանտերը հայտնեց, որ դրանք աճեցրել է անձնական օգտագործման համար: Նա նաև ոստիկաններին ներկայացրեց չորացված կանեփանման զանգվածով չորս փաթեթ:

Տանտերը բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին, հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են:

--00--ԱԹ