Գեղարքունիքում նորատուսցիների վեճն ավարտվել է կրակոցով, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

կրակոց

Հոկտեմբերի 6-ին կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։25-ի սահմանում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է shamshyan.com-ը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ վիրահատարանում է։

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչը՝ 43-ամյա Յաշա Աֆրիկյանն է։

Տաք հետքերով ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոշ հանգամանքներ են պարզել նշված դեպքից։ Պարզվել է՝ Յ. Աֆրիկանը, Նորատուս գյուղի բնակիչներ, 39-ամյա Հովհաննես Աֆրիկյանը և 39-ամյա Արտուշ Գրիգորյանը նույն օրը՝ ժամը 20։00-ի սահմանում, Ա. Գրիգորյանին պատկանող ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենայով գնացել են իրենց գյուղի «Կայի դիք» կոչվող տարածք, որտեղ միմյանց մեջ խոսք ու զրույցը վերածվել է վիճաբանության ու ծեծկռտուքի։ Այդ ամենից հետո Ա. Գրիգորյանը իրեն պատկանող «ՄՍ-2112» մոդելի 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանով կրակոց է արձակել, ինչի հետևանքով Յ. և Հ. Աֆրիկյանները մարմնի տարբեր մասերում մարմնական վնասխվածքներ են ստացել, ինչից հետո արդեն Յ. Աֆրիկյանը տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել են մարմի տարբեր հատվածների բազմաբեկորային վնասվածքներ, իսկ Հ. Աֆրիկյանը հրաժարվել է բժշկական օգնությունից։ 

Ոստիկանները տաք հետքերով պարզում են Ա. Գրիգորյանի գտնվելու վայրը և օպերատիվ խմբով մեկնում այնտեղ։ Այնուհետև մարզի ոստիկանապետի, ոստիկանության Գավառի բաժնի պետի գլխավորությամբ տարված բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Գրիգորյանը ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենայով ներկայանում է ոստիկանության Գավառի բաժին՝ իր հետ բերելով նաև ողորկափող հրացանը։ 

Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետաքաբանական փորձաքննություններ։ 

Ըստ աղբյուրի՝ քննիչի որոշմամբ Ա. Գրիգորյանը ստորագրությամբ բաց է թողնվել:

--00—ԼՄ