Իտալիայի դեղամիջոցների գործակալությունը կողմ է Covid19-ի դեմ բնակչության պատվաստմանը 3-րդ դեղաչափով

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20,  24 News

կորոնավիրուս

 

Իտալիայի դեղամիջոցների գործակալության գլխավոր տնօրեն Նիկոլա Մագրինին նպատակահարմար է գտնում ողջ բնակչության համար տարածել կորոնավիրուսի դեմ երրորդ դեղաչափով պատվաստումը:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է La Repubblica պարբերականին տված հարցազրույցում:

«Մենք գիտենք, որ պատվաստանյութերն արդյունավետ են ու անվտանգ: Մենք ունենք բավարար պաշարներ, ընդ որում, երրորդ դեղաչափը զգալիորեն ամրացնում է մեր պաշտպանությունը: Այո, կարծում ենք՝ նպատակահարմար է, որ մոտակա ամիսներին պատվաստումն աստիճանաբար տարածվի բոլորի վրա»,- ասել է փորձագետը: Իտալիայում քննարկում են 6-ից մինչև 5 ամիս իջեցնել լիարժեք պատվաստման ու բուստերային պատվաստման միջև ընկած ժամանակահատվածը:

Իտալիայում կորոնավիրուսի դեմ վերապատվաստումները սկսել են աշնանը: Առողջապահության նախարարության տվյալներով՝ կորոնավիրուսի դեմ բուստերային դեղաչափ ստացել է ավելի քան 3 մլն մարդ:  Դրանք հիմնականում առողջության հետ լուրջ խնդիրներ ունեցող ու 60 բարձր տարիքում գտնվող անձինք են:

Երկրում լիարժեք պատվաստված է 12-ից բարձր տարիքի բնակչության շուրջ 85 տոկոսը:

--00—ՄՀ