Հրետանային դիվիզիոնի 21 հերոսներից մեկը՝ Ռուբեն Պողոսյանը․ ԵՊԲՀ ռեկտորը բժշկականի ուսանողի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

նկար

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մերօրյա հերոսները». Ռուբեն Պողոսյան Մերօրյա հերոսների անունները բժշկական բուհում հավերժ են, նրանց հիշատակը՝ վառ: ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող Ռուբեն Պողոսյանը, որը ծառայության էր անցել Արցախի զորամասերից մեկում՝ որպես հրետանու նշանառու, 44-օրյա պատերազմի ընթացքում ակտիվ մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերին՝ առաջնագծի թեժ կետերում` Վազգենաշեն, Հադրութ, Վարանդա (Ֆիզուլի), Ջրական (Ջաբրայիլ), Արա լեռ, (Ջուվառլու):

Զինակից ընկերների և Ռուբենի հմուտ նշանառման շնորհիվ նրանց առջև դրված մարտական խնդիրը կատարվել են պատշաճ՝ հակառակորդին պատճառելով զրահատեխնիկայի, հրետանային, կրակային դիրքերի և տասնյակից ավելի հետևակի կորուստներ։

Հրետանային դիվիզիոնի 21 հերոս տղաներից մեկը՝ Ռուբեն Պողոսյանը, զոհվել է 2021 թվականի հոկտեմբերի 12-ին, Հադրութի շրջանի Վարանդա կոչվող հատվածում: Ռուբենն իր ընկերների հետ թշնամու դեմ կռիվ է տվել միասնաբար, անմահացել՝ հերոսաբար: Պատերազմից 1 տարի անց՝ 2021թ.նոյեմբերի 2-ին, նրա և իր 10 ընկերների աճյունները փոխանցվել է հայկական կողմին: Ռուբեն Պողոսյանի աճյունը հարազատները հողին են հանձնել դեկտեմբերի 3-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում, Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող Ռուբեն Արսենի Պողոսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով:

Մերօրյա հերոսը ծնունդով Տավուշի մարզի Բերդ քաղաքից էր: Սովորել է Բերդի թիվ 1 միջնակարգ դպրոցում, այնուհետև Մարուսյա Սաղումյանի անվան ավագ դպրոցում: Ավարտել է նաև Բերդի արվեստի դպրոցը։ Տիրապետում էր արևելյան մարտարվեստին: Նա առաջնորդվում էր Գարեգին Նժդեհի`«Ասպետ եղիր նախ անձի՛դ նկատմամբ» խոսքերով, որն էլ դարձավ նրա անմահության ուղին»:   

--00—ԼՄ