Իշխանությունն այս կերպ նոր տարածքներ զավթելու հրավեր է ուղարկում Ադրբեջանին․ 5165 շարժում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Հասարակական

«5165 շարժումը» հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Գուրգեն Արսենյանի հայտարարությունից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը համակերպվել է ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման հետ և պետության անվտանգության ապահովման միջազգային գործիքակազմից չի պատրաստվում օգտվել

ՀՀ Ազգային Ժողովի իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունն, իբր, վերահսկում է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը և չի դիմի ՀԱՊԿ-ին։ Փաստորեն իշխանական ուժը այս կերպ ցույց է տալիս, որ համակերպվել է ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման հետ և պետության անվտանգության ապահովման միջազգային գործիքակազմից չի պատրաստվում օգտվել։ Ավելին՝ կրկին ապացուցում է, որ երկրի անվտանգության, պետության տարածքային ամբողջականության, սահմանամերձ դարձած շրջաններում մարդկանց կյանքի ու գույքի ապահովության խնդիրներով բացարձակ մտահոգված չէ։ Գործող իշխանությունը այս կերպ, կարծես թե, նոր տարածքներ զավթելու հրավեր է ուղարկում Ադրբեջանին։ Այս հայտարարությունից կարելի է հետևություն անել, որ 2021թ. մայիսին ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու ժամանակ ՀՀ իշխանությունները պատշաճ ընթացակարգով չեն դիմել ՀԱՊԿ-ին և միտումնավոր չեն օգտվել այդ հնարավորությունից։

Մինչդեռ իշխանական որոշ պատգամավորներ, կառավարության անդամներ, իշխանամերձ քաղաքական գործիչներ և ԶԼՄ-ներ հայտարարում էին, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, իսկ վերջինս չի կատարում իր պարտավորությունները և հրապարակավ դատապարտում էին ՀԱՊԿ-ին: Արդյոք դա միտումնավոր քա՞յլ էր մեր հանրության աչքերում ՀԱՊԿ-ին հեղինակազրկելու, թե՞ ազդակ էր Ադրբեջանին՝ ներխուժելու ՀՀ ինքնիշխան տարածք։ Ժողովրդին խաբու՞մ էին. այլապես ինչու՞ նրանց հայտարարություններն այսչափ հակասում են իրար: Փաստն այն է, որ Ադրբեջանը մինչ օրս ռազմակալված է պահում ՀՀ առանձին տարածքներ, ռազմավարական նշանակության բարձունքներ, վերահսկում է ռազմավարական ճանապարհներ, խաթարում Սյունիքի ու Գեղարքունիքի մի շարք բնակավայրերի բնականոն կյանքը, մարդկանց անվտանգությունն ու տարրական իրավունքները:

«5165 շարժումը» ևս մեկ անգամ հանրության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության արտաքին-անվտանգային քաղաքականությունը (կամ դրա բացակայությունը) չի բխում տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրողությունների ադեկվատ ընկալումից և արմատապես հակասում է հայ ժողովրդի կենսական շահերին»:

--00--ԿԿ