Կապիտուլյանտնե՛ր, դու´ք եք մեղավոր, որ այս օրին ենք հասել, որ ադրբեջանցիների լեզուն այսքան երկարել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

արտակ զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությանը, թե Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է կալանավորվի և հանձնվի հետաքննությանը։

«Այստեղ են ասել՝ ձեր նոր սկսվող բարեկամությունը դառը ճշմարտությամբ կտրեմ. կապիտուլյանտնե´ր, բա՞ն չունեք ասելու: Թե՞ ձեր կռիվը միայն «նախկինների» հետ է:

Տեսնում եք չէ՞, ուր եք հասել, ինչ ողորմելի քաղաքականություն եք վարել, ու ինչպիսի հանգրվանի եք բերել Արցախն ու Հայաստանը: Արդեն Արցախի նախագահի ինստիտուտի նկատմամբ է ոտնձգություն արվում:

Ադրբեջանի դատախազությունը հոխորտացել է, թե պատրաստվում է ձերբակալել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին:

Սեփական երկիրն ու ժողովրդին ագրեսիայից պաշտպանելու անհաջող փորձերի համար ադրբեջանցին հետախուզում է հայտարարում: Սա նշանակում է, որ վաղը ձերբակալման ցանկություն է առաջանալու բոլոր հայ գեներալների, զորամիավորումների հրամանատարների, ինքնապաշտպանություն կազմակերպողների հանդեպ:

Կապիտուլյանտնե՛ր, դու´ք եք մեղավոր, որ այս օրին ենք հասել, որ ադրբեջանցիների լեզուն այսքան երկարել է, որ առ այսօր նրանց վայրագությունների նկատմամբ ոչ մի միջազգային դատապարտման գործընթաց չեք նախաձեռնել:

Մեր դատախազությունը չի ցանկանո՞ւմ արդյոք նման մի հետախուզում հայտարարել ու ձերբակալման հարց դնել 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական խաղաղ բնակավայրերը ռմբակոծող ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ:

Ադրբեջանցիներին պետք է ասել` ղալաթ եք անում: Կապիտուլյանտ իշխանություն ունենալը կամ նրանց ենթարկվող Արցախի նախագահ ունենալը դեռ չի նշանակում, որ ինչ կամենաք, այնպես էլ անեք:

Հայ ժողովուրդը դեռ չի մեռել»,-գրել է Արտակ Զաքարյանը։

--00--ԱՀ