Նամակ-համաձայնագրով սպասարկվելու է ՀՀ պետական բյուջեի պակասուրդը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

նամակ

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գևորգ Պապոյանի նախագահությամբ մարտի 7-ին հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022թ. հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը նշել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից դեռեւս 2019թ. մայիսին Հայաստանի Հանրապետության համար հաստատվել է 180 մլն ՀՓԻ (248.2 մլն ԱՄն դոլար) արժողությամբ եռամյա Պահուստային ծրագիրը (Stand-by Arrangement)՝ ուղղված տնտեսական հիմնարար և կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը:

Ծրագրի երկրորդ վերանայման շրջանակներում ԱՄՀ ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել՝ ծրագրի նպատակայնությունը փոխելու և Պահուստային ծրագրի ներքո հասանելի միջոցները օգտագործելու նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորման նպատակով: Արդյունքում, 2020թ. մայիսի 23-ին և հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության եւ ԱՄՀ-ի միջեւ ստորագրվել է «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը, որով հասանելի են դարձել ընդհանուր առմամբ շուրջ 231.656 մլն ՀՓԻ (315 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ:

2021թ. հոկտեմբեր-նոյեմբերին տեղի են ունեցել Պահուստային ծրագրի չորրորդ և հինգերորդ համատեղ վերանայումները, որոնց արդյունքներով հասանելի են դարձել 51.428 մլն ՀՓԻ բյուջետային միջոցներ: Պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը 2021թ. նոյեմբերի 19-ին «Մտադրությունների նամակ»-ով դիմել է ԱՄՀ-ին՝ հասանելի միջոցները որպես բյուջետային աջակցություն ներգրավելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022թ. հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը ՀՀ պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:

Նամակ-համաձայնագրով ստացվելիք վարկային միջոցների մասհանումը նախատեսվում է 2022թ. առաջին եռամսյակի ընթացքում, և վարկն ուղղվելու է ՀՀ 2022թ. պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը: Փաստաթղթի վավերացումը փոխկապակցված է «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի հետ: Նշվել է նաև, որ նամակ-համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին Պահուստային ծրագրի ներքո 51.428 միլիոն ՀՓԻ համարժեք բյուջետային աջակցության վարկ տրամադրել: Այն մարվելու է 5 տարվա ընթացքում:

Նամակ-համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ՀՀ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքին համապատասխան վավերացման կամ հաստատման ներպետական ընթացակարգերի ավարտելու մասին ՀՀ ԱԳ նախարարության համապատասխան գրությունը ստանալուց և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ԱՄՀ-ին ծանուցելուց հետո:

Մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, հարակից խոսքում կարևորելով օրենքի նախագծի ընդունումը, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել: Հանձնաժողովականները նախագծին տվել են դրական եզրակացություն:

--00--ՄՀ