27-ամյա երիտասարդը կացնի բութ կողմով խփել էր մորաքրոջը, մորեղբայրը՝ երիտասարդին․ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Մարտի 14-ի երեկոյան մի քաղաքացի ոստիկանության Արտաշատի բաժին էր զանգել ու խնդրել, որ Արտաշատի Երևանյան փողոցի բնակարաններից մեկը շտապ ոստիկան մոտենա:
Ահազանգով Երևանյան փողոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ վեճի ժամանակ նույն հասցեում բնակվող 27-ամյա երիտասարդը կացնի բութ կողմով խփել էր մորաքրոջ թիկունքին: 66-ամյա մորեղբայրն էլ քրոջ որդու արարքից վրդովված՝ մուրճով նրա գլխին էր խփել:
Երիտասարդն ու 67-ամյա մորաքույրը գանգուղեղային վնասվածքով, գլխի, մեջքի պատռված վերքերով ու սալջարդերով «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխվեցին, ավելի ուշ, առողջական վիճակից ելնելով, 67-ամյա կինը տեղափոխվեց մայրաքաղաք՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
66-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Դեպքի վայրի զննությամբ կացինն ու մուրճը հայտնաբերվել են:
Հարուցվել է քրեական գործ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են:

--00—ՄՀ