Վենետիկի հանձնաժողովը իր կարծիքն է արտահայտել՝ ի պատասխան Կարեն Անդրեասյանի դիմումի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

․

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նախորդ տարվա դեկտեմբերին ներկայացրեց դատական համակարգի վեթինգի նոր նախագիծ։ Նախագծով առաջարկվում է դատավորի, այդ թվում՝ նաև Սահմանադրական դատարանի դատավորի, լիազորությունները դադարեցնել, եթե վերջինս միտումնավոր թույլ է տվել մարդու հիմնարար իրավունքի կոպիտ խախտում։

Արդարադատության նախարարը նախագիծը հանրային քննարկմանը ներկայացնելուց երկու օր անց՝ դեկտեմբերի 16-ին, շտապեց ուղարկել Վենետիկի հանձնաժողով` կարծիք ստանալու խնդրանքով: 

Վենետիկի հանձնաժողով ս. թ. մարտի 21-ին իր կարծիքն է հրապարակել, որում մտահոգություններն է հայտնել Արդարադատության նախարարության կողմից ներկայացված այս նախագծի վերաբերյալ․

«Վենետիկի հանձնաժողովը չի տեսնում առաջարկվող նախագծի անհրաժեշտությունը, քանի որ և՛ գործող, և՛ շուտով ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքերով արդեն իսկ նախատեսված են կարգավորումներ, որոնք քրեական պատասխանատվություն են սահմանում ակնհայտ անարդար դատավճռի համար: Բացի այդ, Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, թե ինչքանով կարող է «միտումնավոր խախտում» կատարած լինելու փաստը դիտարկվել՝ որպես անհամատեղելիության պահանջի խախտում (լիազորությունների դադարման հիմք), այն դեպքում, երբ անհամատեղելիության պահանջը ենթադրում է դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի այլ գործունեությամբ զբաղվելու արգելք:

Փաստացի Վենետիկի հանձնաժողովի կողմից բարձրացված հարցերի արդյունքում հարցականի տակ է դրվում ներկայացված նախագծի ամբողջ տրամաբանությունը, ասել է թե՝ դատական համակարգի վեթինգի գաղափարը։

Այս ամենի մեջ առավել հետաքրքրական է, թե Վենետիկի հանձնաժողովի կողմից հրապարակված կարծիքին ինչպես կարձագանքի Արդարադատության նախարարությունն ու իշխող քաղաքական ուժը. կընտրեն բառախաղի միջոցով բուն բովանդակությունը խեղաթյուրելու և դրական լույսի ներքո ներկայացնելու տրամաբանությո՞ւնը, թե՞ պարզապես կանտեսեն այս կարծիքը և կշարունակեն դատական համակարգի անկախության նկատմամբ ոտնձգությունների շարքը։ Եվ, ի վերջո, ի՞նչ գին կվճարի Կարեն Անդրեասյանը, եթե տապալի այս նախագծի իրականացումը։ Չէ՞ որ օդում կախված լուրերի համաձայն՝ Արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի պաշտոնից ազատումն էլ կարծես թե պայմանավորված էր նրանով, որ խոստացված վեթինգային բարեփոխումներն ընթանում էին ոչ այդքան ցանկալի տեմպերով, և այս ոլորտում չկար արձանագրված որևէ լուրջ «հաջողություն»:

--00--ԱՀ