Ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

 

Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։

Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի կամավոր հանձնել է Արցախից բերված գործարանային համարով «Դրագունովի» դիպուկահար հրացան ու ռազմամթերք։ Տավուշի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ մի տղամարդ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ռազմամթերք։ Ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Նաիրիի և Թալինի բաժիններում։ Նռնականետի, հրացանի, պայթուցիչով նռնակի ու փամփուշտների կամավոր հանձնման դեպքերն են արձանագրվել ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Հակատանկային նռնականետի և զինամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Սիսիանի ոստիկանների բացատրական աշխատանքը։ Հրացանների, ռազմամթերքի, այդ թվում՝ պայթուցիչներով նռնակների կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել ոստիկանության Արթիկի և Ախուրյանի բաժիններում։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատարական աշխատանքը. մի քանի օրվա ընթացքում բաժնում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման հինգ դեպք։

Աշտարակի համայնքային ոստիկանների և ՊՊԳՎ Աշտարակի ստորաբաժանման ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ արձանագրվել են ատրճանակների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ապօրինի պահվող ատրճանակների կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Նոր Նորքի և Մաշտոցի բաժիններում։

Նշանակվել են փորձաքննություններ։
Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

--00--ՍԳ