Գործարարներ Սարկիսովներից միլիոնավոր դոլարներ են շորթել. իրավապահները չեն կարողանում գտնել մեղավորին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

4.thumb_.png

Գործարարներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովներից առանձնապես խոշոր չափերի՝ 10.000.000 ԱՄՆ դոլարի չափով գումար շորթելու, բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը մարտի 1-ին կասեցվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Գործարարներից գումար շորթելու մեջ կասկածվում է հենց նրանց նախկին գործընկերը: Դեռեւս 2018 թ. նոյեմբերին Սերգեյ Սարկիսովը հաղորդում է տվել այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 26-ին անծանոթ հեռախոսահամարից մի անձնավորություն զանգահարել է և ասել, որ զանգում է Սերգեյ Սարկիսովի նախկին գործընկեր Լև Խլյավիչի անունից` պահանջելով վերջինիս փոխանցել առանձնապես խոշոր չափերի՝ 4.859.400.000 ՀՀ դրամին համարժեք 10.000.000 ԱՄՆ դոլար: Ներկայացրած պահանջը չկատարելու դեպքում՝ զանգահարողը, սպառնացել է բռնություն գործադրել Սարկիսովների մերձավորների նկատմամբ:

Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ոմն Օլեգ` նույն պահանջը ներկայացրել նաև Սերգեյ Սարկիսովի եղբորը՝ Նիկոլայ Սարկիսովին՝ տալով համանման սպառնալիքներ: 2018թ. դեկտեմբերի 25-ին որոշում է կայացվել մեղադրյալ Լև Խլյավիչին հետախուզում հայտարարելու մասին:

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՔԿ՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում գործի նախաքննությունը, ինչին ի պատասխան ՔԿ-ից տեղեկացրել են, որ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները քրեական գործով ճանաչվել են տուժող, սակայն գործն անցած չորս տարիների ընթացքում այդպես էլ դատարան չի ուղարկվել: Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Լև Յակովի Խլյավիչին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու ու հետախուզում հայտարարելու մասին: Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Լև Խլյավիչի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը դատարանի կողմից բավարարվել է։

«Միաժամանակ տեղեկացնենք, որ նախաքննության ընթացքում Ուկրաինայի իրավասու մարմիններին լրացուցիչ իրավական օգնություն ցույց տալու մասին հարցում է ուղարկվել՝ Լև Յակովի Խլյավիչին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք առաջադրելու և հարցաքննելու համար»,- հայտնել են Քննչական կոմիտեից՝ տեղեկացնելով, որ 2022թ մարտի 1-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով թիվ 5816518 քրեական գործով վարույթը կասեցվել է, քանի որ քրեական գործով մեղադրյալը թաքնվում է քննությունից։

--00--ՀԶ