Արցախի իշխանությունները չեն շտապում մեկնաբանել ՔՊ-ական Արսենյանի՝ «սթափեցնող» հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

հասարակական

Արցախի իշխանական պատգամավորները չեն շտապում արձագանքել Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությանը։

Այսօր Գուրգեն Արսենյանը ԱԺ ամբիոնից պահանջել էր գործող իշխանություններից սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանն «իր կողմից իրականացվող անհեռատես քաղաքականության հետևանքների մասին»։ Արսենյանի խոսքերով՝ ԱԺ ընդդիմության իրականացրած գործողությունները տորպեդահարում են ՔՊ-ական իշխանությունների «խաղաղության օրակարգն» Ադրբեջանի հետ։ 

Արցախում իշխող «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Էլեոնորա Ավանեսյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ հեռախոսով։ Նույն խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանն ասաց, որ չի ծանոթացել Արսենյանի հայտարարությանը և ծանոթանալուց հետո կմեկնաբանի։

«Միասնական Հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։

Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի («Ազատ Հայրենիք-ՔՄԴ»), ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցի, («Միասնական Հայրենիք»), Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանի հետ նույնպես կապ հաստատել չհաջողվեց։