Ցնդաբանություն և հերյուրանք․ 93-ին Շիրակում պաշտոնավարածները՝ թալանի մեղադրանքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Thumbnail

Մեծ թալան, «մաուզերիստներ». այս և նման այլ որակումներով կայքերից մեկում փետրվարի 12-ին հոդված է հրապարակվել, որտեղ շրջանառված է 1993-96 թվականներին Շիրակի մարզում կառավարության լիազոր ներկայացուցիչ աշխատած, այժմ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և այլ պաշտոնյաների անուններ։

Նշված է, որ նրանք թալան են իրականացրել, շրջել զինվորական թանկարժեք հագուստով։ 24News- ը զրուցել է պաշտոնյաներից երկուսի հետ՝ փորձելով պարզաբանում ստանալ նրանցից մեղադրանքների վերաբերյալ։ 1993-ին Քոչարյանի հետ դեպի Շիրակ գործուղվածների թվում էր գեներալ-մայոր Գեորգի Ֆարյանը։ Նա իր և գործընկերների մասին վերջին հրապարակումից զարմացած ու զայրացած է։  Ցնդաբանություն և հերյուրանք․ այսպես նա բնորոշեց գրվածը։

«Մենք չորս հոգով մի ամբողջ մարզ ենք ղեկավարել։ Կարող եք Գյումրու հնաբնակների հետ խոսել, և նրանք կասեն, թե որքան նոր բաներ են այնտեղ կառուցվել՝ սկսած կաթսայատնից, մարզադաշտից, թատրոնից, Ճգնավորյանի երաժշտական ակադեմիայից, ապակու գործարանից, տրոլեյբուսի գծերից։

«Իհարկե, սրիկաները, որոնք փորձել են հաղորդալարեր, պղինձ, ալյումին գողանալ, կեղծ հոսանքի գծեր անցկացնել, պատժվել են, այդ թվում՝ քաղաքապետ Ադամյան կոչեցյալը։ Մենք Երևանից 14 տրոլեյբուս ենք հետ բերել, որպեսզի Գյումրին տրոլեյբուս ունենա։ Մեզնից հետո մարզպետարանի կազմը մոտ 180 հոգի է եղել, իսկ մենք 4 հոգով ենք ամբողջ մարզը ղեկավարել այն դեպքում, երբ դրա մեջ մտել են նաև Թալինի և Արագածոտնի շրջանները»,- շեշտեց Ֆարյանը։

Նա պատմեց, որ մինչև օրս Գյումրու հետ կապը կա, շփվում է այնտեղի բնակչության հետ։

«Այդտեղ բազմաթիվ մարդիկ են պաշտոնների նշանակվել՝ առանց մի կոպեկի։ Այնպես, որ հրաշք գործ է արվել։ Ես հպարտանում եմ մեր աշխատանքով այդ զրկանքի տարիներին։ Ինչ վերաբերում է նյութի մեջ նշված թանկարժեք զինվորական հագուստին, խոսքը սովետական «աֆղանկայի» մասին է։ Մենք, լինելով զինծառայողներ, պաշտպանության նախարարության կողմից ենք ապահովվել զինվորական հագուստով։ Մենք մեր համազգեստը ստացել ենք միշտ։ Այնպես, որ «մաուզերիստ» հասկացությունը, որ հրապարակման մեջ նշված է, նրանից է, երևի, որ հեղինակը «Նվագախմբի տղաները» ֆիլմը շատ է տեսել, հավանաբար, դրա մասին է խոսքը։ Ես ուղղակի գլուխ չունեմ նման մարդկանց հետ «քյալլա» տալու։ Այդ հրապարակումը գրողն այն ժամանակ էլ հայտնի էր, թե ով է»,- ասաց Գեորգի Ֆարյանը։

1993-ին Գյումրու քաղաքային խորհրդի պատգամավորի պաշտոնը զբաղեցրած Մարտին Զիլֆիմյանն, իր հերթին, ցանկանում է, որպեսզի այդ մեղադրանքները գրողի հիշողությունը վերականգնվի։

«Նման նյութեր չի կարելի գրել, դրանք չեն ներկայացնում իրական վիճակը։ Թող հիշեն, թե ինչ էր կատարվում այն ժամանակ Շիրակի մարզում, մասնավորապես՝ Գյումրիում։ Գյումրու քաղխորհրդի պատգամավորների ամբողջ կազմը պառակտված էր, օրեր շարունակ նիստեր էին գումարում և չէին կարողանում որոշումներ կայացնել։ Դժվարությամբ, մի քանի օրվա քվեարկություններից հետո պատգամավոր ընտրվեց մի մարդ, որն այդպես էլ չկարողացավ աշխատանք կազմակերպել, խանգարվեց աշխատանքը, և նա հրաժարական տվեց։ Հաջորդ ընտրությունը եղավ․ նա էլ չկարողացավ աշխատանք կազմակերպել և նույն վիճակը ստեղծվեց։ Դա այն ժամանակահատվածն էր, երբ կնքվում էր Ղարաբաղի և Ադրբեջանի միջև զինադադարի պայմանագիրը։ Գյումրին ավերված էր, չկար արդյունաբերական պոտենցյալ, չկային ենթակառուցվածքներ, հացի խնդիր կար»,- ասում է Զիլֆիմյանը։

Նա հիշում է՝ հենց այդ ժամանակ Անդրանիկ Քոչարյանը նշանակվեց Շիրակի մարզի լիազոր ներկայացուցիչ։ Պարկեշտ, խելացի, ազգասեր, խարիզմատիկ, որոշումներ կայացնելու հստակ հմտություններ և հրաշալի ընտանիք ունեցող մարդ. այսպես է Անդրանիկ Քոչարյանին բնորոշում Զիլֆիմյանը։

«Քոչարյան Անդրանիկն առաջնային խնդիր էր դրել Շիրակի մարզում պառակտումը վերացնելու։  Բացի այդ, նա օպերատիվ աշխատանքներ էր կազմակերպում, որպեսզի Մայիսյան կաթսայատունն աշխատի։ Կարծում եմ, որ Անդրանիկ Քոչարյանի մասին միայն լավը պետք է գրվի։ Այդ նյութի մեջ Միքայել Վարդանյանի վերաբերյալ էլ է խոսք գնում․ վաղամեռիկ Վարդանյանն արցախյան պատերազմի մասնակից էր, գյումրեցի, և եթե նա վատ ցանկություններ ունենար, ղարաբաղյան պատերազմին մասնակից կդառնա՞ր։ Ինչպե՞ս կարելի է այդպիսի բաներ գրել»,-զարմանում է Մարտին Զիլֆիմյանը։

Նա ևս այդ շրջանում Շիրակի մարզում կատարված աշխատանքը բարձր է գնահատում։