Մանկական քիմիաթերապիայի գները պետպատվերի շրջանակում կրկնակի կբարձրանան․ Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 15, 24News

Thumbnail

Պետական պատվերի շրջանակում իրականացվող մանկական քիմիաթերապիայի գները կրկնակի կբարձրացվեն:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ հրամանի նախագիծը պատրաստվում է։ Կծախսվի հավելյալ մոտ 50 մլն դրամ։

«Այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։ Ի հավելումն մեր կողմից արդեն իսկ այս ուղղությամբ կատարված քայլերի, նախատեսում ենք կրկնակի բարձրացնել նաև պետական պատվերի շրջանակներում իրականացվող մանկական քիմիաթերապիայի գները, որպեսզի հիվանդանոցները կարողանան պատշաճ և որակյալ բուժօգնություն ցուցաբերել այս մասով»,- նշված է նախարարի գրառման մեջ:

Ամբողջ աշխարհը 2002 թվականից ամեն տարի փետրվարի 15-ը նշում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի օր։ Յուրաքանչյուր տարի Հայաստանում քաղցկեղով հիվանդանում է մինչև 18 տարեկան 80-100 երեխա: Մանկական բոլոր քաղցկեղների գրեթե 40%-ը լեյկեմիաներն են, որոնց բուժումն իրականացվում է գերմանական BFM ծրագրով և ապահովում է մոտ 75-80% կատարյալ առողջացում մանուկների մոտ։

Մանկական տեղակայված ուռուցքների թիվը կազմում է տարեկան մոտ 40-50 առաջնակի դեպք, որոնցից առավել հաճախ հանդիպողները Կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքները, սարկոմաները, երիկամի ուռուցքներն են։

Ներկայումս Հայաստանում հնարավոր է դարձել իրականացնել այս երեխաների լիարժեք բուժումը ստանդարտացված ամերիկյան և եվրոպական սխեմաներով, իրականացնել բարձր դոզային քիմիաթերապիա։

2018 թվականից հայ երեխաներին հասանելի դարձավ նաև ոսկրածուծի աուտոտրանսպլանտանցիան։

Օրեր առաջ ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում»  միավորվեցին մանկական ուռուցքաբանական և արյունաբանական ծառայությունները, որպեսզի է՛լ ավելի համախմբված տարվի պայքարը մանկական քաղցկեղի դեմ, և հայ մանուկներն այլևս ստիպված չլինեն մեկնել արտերկիր բուժում ստանալու համար։