Զոհրաբ Մնացականյանը Հաանին ներկայացրել է ԼՂ կարգավորման ուղղությամբ ՀՀ-ի մոտեցումները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 15, 24News

Thumbnail

Փետրվարի 15-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով Մյունխենում է գտնվում անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով, հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանին: Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Կողմերն անդրադարձել են Յոհաննես Հաանի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մտքեր են փոխանակել Երևանում ԵՄ ներդրողների համաժողովի անցկացման հնարավորության շուրջ:

Զոհրաբ Մնացականյանն ու Յոհաննես Հանը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է, որ այն կարևոր գործիք է հանդիսանում Հայաստանի զարգացման օրակարգի առաջմղման համար:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ԵՄ գործընկերների հետ միասին սերտ համագործակցությամբ աշխատանքներ են իրականացվում Հայաստանի կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի նախագծի վերջնականացման ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ:

Զոհրաբ Մնացականյանը Յոհաննես Հաանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները: