Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվել է ընդհանուր առմամբ 46 կոթող

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

9

Ավարտվել է մոնումենտալ արվեստի հուշարձանների տարհանումը Բերձոր, Աղանո և Ներքին Սուս համայնքներից:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ ընդհանուր առմամբ երեք բնակավայրերից դուրս է բերվել մոտ 46 մոնումենտալ արվեստի  հուշարձան, ինչպես նաև Բերձորի քաղաքային գրադարանի գրքային ֆոնդը, որոնք  տեղափոխվել են նախատեսված վայր:

«Տարհանվել են խաչքարեր, հուշարձաններ, հուշաքարեր, որոնք նվիրված են ազգային հերոսներին, Հայոց ցեղասպանությանը, հիշարժան տարբեր իրադարձությունների»,-մանրամասնեց փոխնախարարը՝ համոզմունք հայտնելով, որ իրենց տեղերում մնալու դեպքում այդ հուշարձաններն ադրբեջանցիների կողմից  կենթարկվեին վանդալիզմի: 

«Տեղափոխված կոթողների տեղակայման ուղղությամբ այժմ մի քանի տարբերակներ ենք քննարկում: Համապատասխան առաջարկներ են ներկայացրել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը, Արցախի պետական համալսարանը, անհատներ: Մասնավորապես՝  ՀԱԵ Արցախի թեմի կողմից առաջարկվել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի տարածքում համապատասխան պուրակ ստեղծել, որտեղ կտեղադրվեն  տարհանված խաչքարերն ու հուշակոթողները: Ներքին Սուսի Հերոսների պուրակի հովանավորն էլ ցանկություն է հայտնել, որպեսզի այն վերականգնվի Ստեփանակերտում կամ Մարտակերտում»,-հավելեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ բոլոր տարբերակները կքննարկվեն սեղմ ժամկետներում և խնդրին լուծում կտրվի:

Տարհանված կոթողների թվում առանձնակի արժեք է ներկայացնում նաև Աղավնոյի Սուրբ Նահատակաց եկեղեցուց տեղափոխված խաչքարը, որը թվագրվում է 11-12-րդ դարերով:

Փոխնախարարի խոսքով՝ խաչքարը կտրամադրվի Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանին:

--00—ԻԴ