Toyota Prado-ի խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 4 վիրավորներից վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

․

Երեկ՝ հոտեմբերի 24-ին, Երևանից Դիլիջանի բժշկական կենտրոն ժամանած շտապօգնության ավտոմեքենան Երևանի հիվանդանոցներից մեկն է տեղափոխել Երևանի բնակիչ 42-ամյա Ալեքսան Հ․-ին։ Վերջինս հոկտեմբերի 23-ին իր վարած  Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով իրեն և ևս 3 ուղևորների տեղափոխել էին հիվանդանոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Երևանից ժամանած շտապօգնության ավտոմեքնայով Երևան տեղափոխվելու ճանապարհին Ալեքսան Հ․-ն, գիտակցության չգալով, մահացել է։ 

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔրՕրի 342 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ինչպես ավելի վաղ  դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Ալեքսան Հ․-ն իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 93 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բազալտե եզրաքարին, ապա գազատար խողովակներին ու էլեկտրասյանը և կողաշրջված վիճակում մոտ 1 մետր բարձրությունից ընկել և հայտնվել Կամո փողոցի 15 տան բնակչի բակում։ 

Վթարի հետևանքով վարորդ Ալեքսան Հ․-ն, ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 34-ամյա Արմեն Զ․-ն, 25-ամյա Արտակ Հ․-ն և 17-ամյա Հայկ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։ 

--00--ԱՀ