ՀՀ ՔԿ-ն մասնակցել է ընտանեկան բռնության դեմ քրեաիրավական պայքարին միտված համաժողովին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

1670847718,5542.jpeg

2022թ․ դեկտեմբերի 9-10-ին, Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա ակտիվության արշավի շրջանակներում, Ծաղկաձորում անցկացվել է համաժողով՝ «Ընտանեկան բռնության և անչափահասների նկատմամբ ոտնձգությունների վարույթները նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի փոփոխությունների ներքո» թեմայով։

Համաժողովը կազմակերպվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից։ Միջոցառմանը մասնակցել են ներկայացուցիչներ Հայաստանի իրավապահ մարմիններից՝ Քննչական կոմիտեից, Դատախազությունից, Ոստիկանությունից, դատական համակարգից, ինչպես նաև՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից և ոլորտում մասնագիտացած հասարակական կազմակերպություններից։ Ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։

Քննարկվել են նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի շրջանակներում ընտանեկան բռնության և անչափահասների նկատմամբ ոտնձգությունների դեմ քրեաիրավական պայքարի խստացման և արդյունավետության, մինչդատական վարույթի ընթացքում քրեական հետապնդման մարմինների մասնագիտական կարողությունների զարգացման, այդ պայքարում դերակատար հաստատությունների միջև համագործակցության խնդիրները։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն իր խոսքում ընդգծել է, որ համաժողովի անցկացումը միտված է ընտանեկան բռնությունների, անչափահասների նկատմամբ ոտնձգությունների նկատմամբ անհանդուժողականության ընկալման ձևավորմանը։ Ըստ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալի՝ թեև վարվող վիճակագրությունը փաստում է, որ վերջին շրջանում քաղաքացիներն ավելի նախաձեռնող են դարձել ընտանեկան բռնությունների վերաբերյալ իրավապահներին ահազանգելու հարցում, սակայն այս ուղղությամբ դեռևս զգալի անելիքներ կան։ Նա տեղեկացրել է, որ ՀՀ քննչական կամիտեն առաջիկայում ուղղակիորեն ներգրավվելու է տարբեր հանցատեսակների և առաջին հերթին ընտանեկան բռնությունների վերաբերյալ հանրակրթական դպրոցներում իրազեկման աշխատանքներում։ Արսեն Այվազյանը նաև կարևորել է, որ նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերը ընտանեկան բռնությունների դեմ պայքարի ընդգծված շեշտադրում ունեն, ինչը ևս մեկ քայլ առաջ է մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության բարձրացման ուղղությամբ։

Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը ողջունել է գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա ակտիվության արշավի համատեքստում Հայաստանում նման խորագրով համաժողովի անցկացումը։ Նա կարևորել է քրեական արդարադատության շրջանակում ընտանիքում, կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունների դեմ պայքարի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը։ Պարոն Լեյթինենը համոզմունք է հայտնել, որ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ համաժողովի անցկացումը նպաստելու է քրեական վարույթների շրջանակներում զոհակենտրոն քննությունների արդյունավետության բարձրացմանը ու հասարակության ամենախոցելի խմբերից մեկի՝ երեխաների իրավունքների պաշտպանության համար ուժերի առավել կենտրոնացմանը։

--00—ԶՀ