Արցախից կտրված Մեծ Շենում շրջափակման պատճառով դեղորայքի խնդիր է առաջացել,դիմել են ՌԴ խաղաղապահներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Մ

Շուշիի շրջանի Մեծ շեն գյուղում դեղորայքի խնդիր կարող է լինել։ Այս մասին 24News-ին ասաց Մեծ շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի փակման պատճառով առկա խնդիրներին։

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10։30-ից «բնապահպան» ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ փակել են Հայաստանն Արցախին կապող Գորիս-Ստեփանակերտ մայրուղին (Լաչինի միջանցք) Շուշի – Քարին տակ հատվածը։

Ադրբեջանցիներն այդ օրվանից վրաններ են խփել ու գիշերում են տեղում՝ շարունակելով հավաքը։ Լաչինի միջանցքը փակվելու հետևանքով երկկողմանի շրջափակման մեջ են հայտնվել Շուշիի շրջանի՝ արցախյան վերահսկողության ներքո գտնվող Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերը։

Մեծ շենի գյուղապետն ասաց, որ դեղեր տրամադրելու հարցով դիմել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությանը։ «Սննդի տեսակետից ամեն ինչ նորմալ է։ Կարող է դեղերի զապասը վերջանալ, դեղի խնդիր կարող է լինել», - ասաց նա։ Ըստ գյուղապետի՝ մթերքի, պարենի խնդիր դեռևս չկա, բնակչությունը «յոլա կգնա»։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ