Միրզոյանը մեկնաբանել է Բայրամովի՝ իբր 8 գյուղեր «ազատելու» ՀՀ «խոստման» մասին հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

7650

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին։

Հարց․ Սերգեյ Լավրովի հետ ասուլիսի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն ասել էր, թե իբր 2020թ.-ի նոյեմբերին Հայաստանը խոստացել է 8 գյուղեր «ազատել» սակայն չի կատարել այդ պայմանավորվածությունը: Դա ինչպե՞ս կմեկնաբանեք։

Պատասխան. Ինչպես բազմիցս հայտարարել ենք, հայկական կողմը ոչ նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարությամբ, ոչ էլ որևէ այլ կերպ նման պարտավորություն չի ստանձնել։ Այլ բան, քան գրված, ստորագրված, հրապարակված պայմանավորվածություններ, գոյություն չունեն։

Կարծում ենք, Ադրբեջանի ԱԳ նախարարը նման մտացածին պայմանավորվածությունների մասին խոսելով` փորձ է կատարում արդարացնել իր երկրի կողմից նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության դրույթների շարունակական ու կոպիտ խախտումները:

Միաժամանակ հարկ եմ համարում հիշեցնել, որ Հայաստանը քանիցս հանդես է եկել զորքերի հետքաշման` Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ֊ների միջև գոյություն ունեցած վարչական սահմանով տեղակայելու առաջարկով։

--00—ՅՄ