Հայաստանը շահագրգռված է Բրազիլիայի հետ մի շարք բնագավառներում համագործակցության զարգացմամբ.Խանդանյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

photo

Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ առկա են ջերմ ու բարեկամական հարաբերություններ: Նշել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 7-ին Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ հանդիպմանը:

Միջխորհրդարանական հարաբերությունների խորացման հարցում Սարգիս Խանդանյանը կարեւորել է բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքը:

Խոսելով երկկողմ փոխգործակցությունից՝ հանձնաժողովի նախագահն ընդգծել է՝ Հայաստանը շահագրգռված է Բրազիլիայի հետ մի շարք բնագավառներում համագործակցության զարգացմամբ:

Կողմերը փաստել են, որ երկու երկրների միջեւ հարաբերություններում առանձնահատուկ է բրազիլահայ համայնքի դերակատարությունը: Նշվել է, որ համայնքը նշանակալից ներդրում ունի Բրազիլիայի հասարակական կյանքում:

Անդրադառնալով տարածաշրջանում անվտանգային խնդիրներին եւ մարտահրավերներին՝ Սարգիս Խանդանյանը փաստել է, որ Հայաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության ամրապնդմամբ: Սակայն ներկայումս անվտանգության մակարդակը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ փխրուն:

«Ավելի քան 3 ամիս է՝ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, որի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է հումանիտար աղետի եզրին»,- ընդգծել է պատգամավորը:

Նա նշել է, որ Ադրբեջանը չի կատարում Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Խնդրի հանգուցալուծման հարցում կարեւորվել է միջազգային գործընկերների դերակատարությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ֆաբիո Վազ Պիտալուգան նշել է. «Բրազիլիան հետաքրքրված է խորացնելու միջխորհրդարանական երկխոսությունը Հայաստանի հետ»:

--00—ՅՄ