Թագավորի օրը իր մեջ կրում է ազգային միասնության և համերաշխության խորհուրդը․ ՍԴ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

7df708ea3dd82e41d0394b50cae9bf16ae1cc778

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ապրիլի 27-ին մասնակցել է Նիդերլանդների Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի օրվա կապակցությամբ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատանը կայացած պաշտոնական ընդունելությանը։

Շնորհավորելով Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին, դեսպանության ողջ աշխատակազմին և բարեկամ նիդերլանդացի ժողովրդին ազգային տոնի՝ Թագավորի օրվա առթիվ, Բարձր դատարանի նախագահը նշել է, որ Նիդերլանդները պատմականորեն եղել են այն բնօրրանը, որտեղ իրենց զարգացումն են ապրել ժամանակակից միջազգային իրավակարգի առանցքային հայեցակարգերը, ինքնիշխան պետականության ու իրավունքի գերակայության փիլիսոփայությունը, միջազգային մարդասիրական իրավունքի ուղենիշային սկզբունքները։

«Նիդերլանդների ազգային տոնը՝ Թագավորի օրը իր մեջ կրում է ազգային միասնության և համերաշխության խորհուրդը։ Հենց նման գաղափարական հենքի վրա է կայանում ու ամրապնդվում ժողովրդավարական արժեքներով պետությունը։ Դուք՝ ազգային արժեքները պահպանելով՝ քաղաքացիական բարձր գիտակցությամբ հասարակություն կերտելու և փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելու և առաջ գնալու լավագույն օրինակն եք»,-շնորհավորական խոսքում նշել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։

Նիդիրլանդների Թագավորության ազգային տոնի՝ Թագավորի օրվա առթիվ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի շնորհավորական ուղերձը հղումով։

--00—ՅՄ