Արիսը, միանշանակ Էգնատիայից կարգով ավելի բարձր թիմ է․ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24news

սպ

Կոնֆերենցիաների լիգայի 2023/24 թթ․ մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» կմրցի Հունաստանը ներկայացնող «Արիսի» հետ։

Հուլիսի 27-ին կայանալիք հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է սպասվող խաղի մասին։

«Իհարկե, մենք վերլուծել ենք մրցակցի խաղը։ Միանշանակ, «Էգնատիայից» կարգով ավելի բարձր թիմ է, բայց ինչ-որ տեղ խաղաոճերով նման են։ 25 լեգիոներ ունեն։

Իհարկե, այն թիմը, որի հետ հասել էինք Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ, մի քանի ֆուտբոլիստներ են մնացել։ Փոխվում են ֆուտբոլիստները, մրցակցիները։ Իհարկե, տարբերություն կա այս և այն թիմի միջև, բայց չեմ կարող ասել լա՞վ, թե վատ։

Չեմ ցանկանում հիմա շանսերի մասին գնահատական տալ։ Կրկնում եմ, որ մրցակիցն ավելի բարձր կարգ ունի, բայց մենք առավելություն ունենք նրանց հանդեպ, քանի որ այս շրջանում ավելի շատ խաղեր ենք անցկացրել։ Այո նրանք թղթի վրա ֆավորիտ են համարվում, բայց դա ոչինչ չի նշանակում։ Մեր մրցակիցը ընդամենը 2 ընկերական խաղ է անցկացրել։ Ուսումնասիրել ենք մրցակցին,  բայց նորեկները թիմում շատ են, սակայն խաղաոճը չի փոխվել։

«Արարատ-Արմենիայի» փիլիսոփայության մեջ բան չի փոխվել։ Այս ակումբը շարունակում է հայ ֆուտբոլիստներին տեղ տալ, ինչը ինձ համար շատ կարևոր է։

Մենք չենք կարող արհեստական ամեն ինչ արագացնել։ Հիմա այն, ինչ ունենք այս աշխատանքի ընթացաքում, մեզ գոհացնում է»,- ասել է Մինասյանը։

«Արարատ-Արմենիա» – «Արիս» հանդիպումը կկայանա հուլիսի 27-ին՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում։ Խաղի սկիզբը՝ 19։00։

--00—ԼՀ