Առաջնորդողի գործառույթ ստանձնած գործիչները պետք է կարողանան համախմբել ժողովրդին․ Դավիթ Անանյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

դդ

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Համազգային ընդվզումը, որպեսզի վերածվի համազգային զարթոնքի և շարժման, առաջնորդողի գործառույթ ստանձնած գործիչները պետք է կարողանան համախմբել ժողովրդին:

Ամենայն հարգանքով Ազգային կոմիտեի բոլոր անդամների հանդեպ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է փարատել կոմիտեի կազմի վերաբերյալ ժողովրդի, մասնավորապես, երիտասարդության մոտ (որի հակառուսական տրամադրությունները էլ ավելի են ընդգծված) առաջացած այն կասկածը, ըստ որի այս շարժումը պրոռուսական է (մանավանդ, Ռուսաստանցի տարբեր գործիչների կոչերը՝

 

Հրապարակ գնալու վերաբերյալ, կարող են խորացնել այդ կասկածները):

Կարծում եմ, որ անհրաժեշտ է հրատապ կերպով քննարկումներ սկսել արևմտամետ գործիչների հետ ևս, օրինակ՝ Բևեռի (եթե, իհարկե այդ քննարկումները դեռ չեն ընթանում), և Ազգային կոմիտեի կազմը համալրել ոչ պակաս հայրենասեր այնպիսի գործիչներով, որոնց շնորհիվ կոմիտեն կդառնա բազմաբևեռ, բազմակարծիք և իրական ազգային:

 

Այսօրվա իրավիճակը շատ հեշտ կերպով մանիպուլացվում է որոշ ուժերի (այդ թվում նաև ազնիվ մարդկանց) կողմից և իրական ազգային ընդվզումը, որակվում է, որպես ռուսական ուժերի կողմից հեղաշրջման փորձ:

Սա ջլատում է ժողովրդին և հերթական անգամ մասնատում այն:

Հարգելի Ազգային կոմիտե, օրակարգային հարցերն այնքան ակնհայտ ու ազգային են, որ անհնար է պատկերացնել դրանց շուրջ համախմբվելու ձախողումը:

Համախմբվե՛ք, որպեսզի կարողանաք համախմբել»:

 

--00—ԱՊ