Հայաստան-ԵՄ հարաբերություններում Էստոնիան մեր կարեւոր գործընկերներից է. Սիմոնյանը՝ ԷՀ ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

աժ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ վերջին շրջանում ակտիվացած փոխայցերը խթան կհանդիսանան համագործակցության առկա ներուժը լավագույնս իրացնելու համար: Այս համատեքստում անդրադարձ է եղել երկկողմ միջխորհրդարանական կապերին, բարեկամական խմբերի արդյունավետ փոխգործակցությանը:

Ընդգծելով, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններում Էստոնիան մեր կարեւոր գործընկերներից է՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում ակնկալում է Էստոնիայի աջակցությունը:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը, Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների անհապաղ վերադարձի գործընթացը: Փաստելով, որ Հայաստանն ընտրել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգ՝ Ալեն Սիմոնյանը հյուրին մանրամասնել է խաղաղությանն ուղղված բանակցությունների էությունը:

Էստոնիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ այսօր այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իր երկրում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց սկսելու որոշում է կայացրել: 

Կողմերն անդրադարձել են արտաքին եւ ներքին քաղաքական մարտահրավերներին, խոսել հայ-էստոնական հարաբերությունների խթանման անհրաժեշտության մասին:

--00--ԼՀ