Մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը․ կքննարկվեն Հայաստանի և Արցախի շուրջ զարգացումները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

424759366_721278956793961_3904625781334597398_n

Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով:

Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Վեհափառ Հայրապետը ողջունեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի մասնակցությունը ժողովին։

Այնուհետև իր գնահատանքն ու օրհնությունը բերելով Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Հոգու շնորհներն ու առաջնորդությունը հայցեց ժողովականներին արդյունավետ կերպով անցկացնելու ԳՀԽ հերթական ժողովը:

Ժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Արցախի շուրջ ընթացող զարգացումներին, Արցախից բռնի տեղահանված հայորդիների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցեր։ Մասնավոր անդրադարձ կկատարվի տարվույս ընթացքում Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության կազմակերպմանը։

Օրակարգում ընդգրկված են նաև եկեղեցավարչական, թեմական, կրթադաստիարակչական տարաբնույթ հարցեր։

--00—ՅՄ